Հավելյալ տեղեկատվություն
Ծառայության մասին
Սույն ծառայությամբ հնարավորություն է տրվում քաղաքաշինության բնագավառում մասնագետների որակավորում ունենալու փաստի հիմնավորման, հավաստագրի տրամադրման և համապատասխան կարգի շնորհման գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության ՇՄԶ համապատասխան հավաստագիր և գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող՝ մասնագետների գրանցամատյանում:
Ինչպես դիմել
Քաղաքաշինության բնագավառում մասնագետը հավաստագիր և համապատասխան կարգ ստանալու համար լրացված հայտը (Ձև 1) և կից փաստաթղթերը ՀՀ քաղաքաշինության կոմիտե է ներկայացնում էլեկտրոնային եղանակով` info@minurban.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ urban.e-gov.am քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի միջոցով:
Մասնագետին տրամադրվում է համապատասխան կարգի հավաստագիր, եթե նա ունի՝
- բակալավրի աստիճան ունեցող մասնագետի՝ հինգ տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետի՝ երեք տարվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժով,
- օտարերկրյա պետությունում համապատասխան որակավորման աստիճան՝ որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով,
- դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
Մասնագետի մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատվում է լիցենզավորման կարգերով սահմանված որևէ մասնագիտության գծով բարձրագույն կրթությամբ:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը (բնօրինակների պատկերամուտով անցկացված տարբերակները).
- անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ,
- հայցվող հավաստագրման ենթակա մասնագիտության կարգին համապատասխան քաղաքաշինական գործունեության համապատասխան ռիսկայնության օբյեկտի աշխատանքների պատշաճ կատարված և ամբողջովին ավարտված (ավարտական ակտ հայտատուի անվամբ նշված և գործատուի կողմից հաստատված) լիցենզավորման կարգերով սահմանված համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժի վերաբերյալ՝ աշխատանքների համառոտ նկարագրության տեղեկանք,
- քաղաքաշինության բնագավառի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթեր, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին, ՀՀ միջազգային պայմանագրի առկայության դեպքում՝ օտարերկրացի մասնագետի բարձրագույն մասնագիտական որակավորման փաստաթղթեր, իսկ ՀՀ միջազգային պայմանագրի բացակայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացություն,
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված վերջին հինգ տարվա ժամանակահատվածի հայտատուի անհատական հաշվի քաղվածք:
Գործընթացը
Պատասխանատու մասնագետների հավաստագրման գործնթացը իրկանացվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ.
- հայտի և կից փաստաթղթերի ներկայացում,
- հայտի և կից փաստաթղթերի ամբողջականության ուսումնասիրում դրանք ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում,
- ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ամբողջական չլինելու դեպքում այդ մասին էլեկտրոնային եղանակով ծանուցվում է հայտատուին և առաջարկում դրանք ծանուցման օրվան հաջորդող 3-օրյա ժամկետում համալրել, ընդ որում, սույն կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում գնահատման սահմանված ժամկետի մեջ,
- սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերը չհամալրելու դեպքում գործին հետագա ընթացք չի տրվում,
- հայտի և կից փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանության գնահատում` հայտը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում,
- հայտի բավարարում կամ մերժում,
- հավաստագրի տրամադրում և գրանցամատյանում գրանցում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում:
ՇՄԶ հավաստագրի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
- ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված,
- քաղաքաշինության բնագավառի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերով ներկայացված մասնագիտությունը չի համապատասխանում հայտում նշված հավաստագրման ենթակա մասնագիտությանը,
- ներկայացված փաստաթղթերի համաձայն մասնագիտական աշխատանքային փորձը չի համապատասխանում սույն հավելվածով սահմանված պահանջներին:
Պետական տուրք
«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքները ուժի մեջ մտնելուց հետո շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար սահմանված է պետական տուրքեր հետևյալ դրույքաչափերով.
- 1-ին կարգի հավաստագիր ստանալու համար՝ 50.000 ՀՀ դրամ,
- 2-րդ կարգի հավաստագիր ստանալու համար՝ 30.000 ՀՀ դրամ,
- 3-րդ կարգի հավաստագիր ստանալու համար՝ 10.000 ՀՀ դրամ:
Իրավական ակտեր
Պատասխանատու մասնագետների հավաստագրման գործնթացը կարգավորող իրավական ակտերն են՝
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
- «Քաղաքաշնեության մասին» ՀՀ օրենքը,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1533-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 777-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 775-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2009թվականի հուլիսի 2-ի N 774-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2009թվականի հուլիսի 2-ի N 788-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 855-Ն որոշումը,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանը:
Փակել